Ամանորի գիշերը Նիկոպոլի բարերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի արդյունքում 2 հոգի զոհվել է, կապ չունի ազգամիջյան թշնամանքի հետ: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել են Դնեպրոպետրովսկի շրջանի դատախազության և միլիցիայի ներկայացուցիչները:
Ալեքսեյ Շչերբատովը հաղորդել է, որ ըստ քննության արդյունքների, հունվարի 1-ի գիշերը Յալթայի 20-ամյա հայ բնակիչն եղել է ծեծկռտուքի նախաձեռնողը «Կորալ» սրճարանում: Վիճաբանության արդյունքում նա դանակով հարվածներ է հասցրել երկու երիտասարդների, որոնցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ վերակենդանացման բաժնում:
Վիճաբանությունն, ըստ միլիցիայի, բացառապես կենցաղային բնույթ է կրել: Իրավապահների վարկածը հաստատել է նաև Նիկոպոլի հայ համայնքի ղեկավար Տիգրան Սարգսյանը: «Հանցագործությունը կատարել է հայազգի քաղաքացի և նա պետք է պատասխան տա օրենքի առաջ: Սակայն, կարող եմ ասել. Նիկոպոլում ամեն ինչ հանգիստ է և ազգամիջյան հակամարտություններ չկան»,-ասել է հայ համայնքի ներկայացուցիչը:
Գործը վերահսկում է շրջանի դատախազությունը, հաղորդում է Analitika.at.ua-ն: