Հունվարի 10–ին Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք, Նորին Սրբություն Իլիա Երկրորդը ջերմորեն ընդունեց վիրահայ պատվիրակությանը: Իլիա Երկրորդը Վրաց եկեղեցու անունից շնորհավորեց հայ ժողովրդին եւ Հայ եկեղեցուն Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով: Հանդիպմանը շնորհավորական եւ ողջույնի խոսքով հանդես եկան՝ վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայտնի մտավորական եւ հասարակական գործիչ՝ Գիվի Շախնազարը եւ Վրաստանում հայ գործարարների միության ներկայացուցիչ Սամվել Աղեկյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վրաստանի հայ գործարարների միության ներկայացուցիչներ եւ Պատրիարքական փոխանորդ Թեոդոր միտրոպոլիտը:
Ինչպես հաղորդում է վիրահայոց թեմի մամլո դիվանը, հանդիպումն անցավ շատ ջերմ մթնորլորտում: Համայն Վրաց պատրիարք Իլիա Բ մեկ անգամ եւս իր հարգանքը եւ բարեկամական սերը արտահայտեց համայն հայության հանդեպ եւ հորդորեց հավատարիմ մնալ դարերից եկող հայ-վրացական եղբայրությանը եւ բարեկամությանը, հույս հայտնելով, որ միասնական ուժերով կհաղթահարվեն մեր եկեղեցիներին եւ ժողովուրդներին հուզող հարցերը:
Իլիա Պատրիարքը վիրահայ պատվիրակությանը նվիրեց Պատրիարքարանի մառանից գինի` հույս հայտնելով, նաեւ որ այս տարի կկայանա Նորին Սրբություն Գարեգին Բ եղբայրական այցը Վրաստան եւ ինքը պատրաստ է ջերմորեն ընդունելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ վերահաստատել հայ–վրացական եկեղեցական հնամենի բարեկամությունը: