12 հունվարի 2011 - 12:40 AMT
Լեհաստանի ԱԳՆ-ն չի կարծում, որ Ղարաբաղ այցելելու համար լեհերին պետք է Ադրբեջանի թույլտվությունը

Օրերս Բաքվում Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ Լեհաստանի քաղաքացիներն առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության չեն կարող այցելել Լեռնային Ղարաբաղ: «Միջազգային իրավունքի համաձայն ԼՂ-ն Ադրբեջանի անբաժանելի մասն է: Առանց պաշտոնական Բաքվի թույլտվության մուտքը բռնազավթված տարածքներ գնահատվելու է որպես Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի խախտում»,- ասվում է հայտարարության մեջ, որը տեղադրված է Բաքվում Լեհաստանի դեսպանատան պաշտոնական կայքում: Պետք է նշել է, որ տվյալ պահին կայքը գտնվում է մշակման փուլում:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Երևանում Լեհաստանի դեսպանատնից, այդ հայտարարությունը հյուպատոսային տեղեկատվություն է, այլ ոչ թե Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբան այցել է ԼՂՀ, որտեղ հանդիպել է անկախ հանրապետության ղեկավարության հետ: Այդ այցելությունն առաջացրել է Բաքվի դժգոհությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵԽ պատգամավորին հայտարարել է որպես «պերսոնա նոն գրատա»: