12 հունվարի 2011 - 14:57 AMT
ԵԱՀԿ դիտարկումը ԼՂՀ-ում անցել է ըստ սահմանված ժամանակցույցի

Հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Տերտեր ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը(Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հերդիչը (Հունգարիա):

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը(Բուլղարիա) և Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: