12 հունվարի 2011 - 16:17 AMT
UITE-ը կաջակցի CeBIT 2011 ցուցահանդեսին մասնակցող հայկական ՏՏ-ընկերություններին

ՏՏ և հեռահաղորդակցության CeBIT 2011 համաշխարհային ցուցահանդեսը տեղի կունենա մարտի 1-5 Գերմանիայի Հաննովեր քաղաքում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) կաջակցի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսին մասնակցող հայկական ՏՏ-ընկերություններին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին UITE մամլո ծառայությունից, կառույցը պատրաստ է քոնսալթինգային և կազմակերպչական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև հեղինակավոր ցուցահանդեսում հաջողակ ընկերությունների ներկայացման նպատակով ռեսուրսներ տրամադրել: UITE-ի գործընկերները կհոգան ցուցահանդեսում հայկական տաղավարի հետ կապված ծախսերը: Միությունը չի բացառում ընկերությունների մասնակցությանը ֆինանսական աջակցության ցուցաբերման հնարավորությունը` կախված պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում ֆինանսավորում ստանալուց: Նախորդ CeBIT ցուցահանդեսներում տաղավարի վարձակալությունն իրականացվում էր պետության հաշվին, սակայն 2010 թվականին պետբյուջեից միջոցառմանը մասնակցելու համար միջոցներ չհատկացվեցին: Տարբեր տարիներին Հայաստանը CeBIT-ում ներկայացրել են Ալգորիթմ Սերվիս, Bi Line, CQG, E-Soft, Instigate, ISMA, L-Soft, Smart Systems, Viasphere Technopark, Sourcio, Memcosoft, AHTC, Fluger, AIT Systems, Softmaster, EIF, E-Dram, CIT, TIB, Synergy, Armenian Software, Dino Systems ընկերությունները:

Այդ միջոցառումը, որն անցկացվում է 1986 թվականից ի վեր, տարեկան 700 000 այցելու և 6 500 մասնակից է հավաքում, որոնք ներկայացնում են վերջին միտումները ծրագրային ապահովման, բիզնես-գործընթացների և տեխնոլոգիաների ոլորտում հետազոտությունների բնագավառներում: