12 հունվարի 2011 - 16:48 AMT
2010 թվականին ՀՀ ԱԱԽ-ն գործնական հարաբերություններ է հաստատել տարբեր երկրների անվտանգության խորհուրդների հետ

Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգում է այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, ասել է հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն՝ ամփոփելով խորհրդի և նրա աշխատակազմի 2010 թվականի գործունեությունը: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջոցառումների իրականացման համար ծրագրով նախատեսված է 122 գործողություն:

Միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակում մշակվել են «Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը», «Կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիրը», որոնք արդեն հաստատվել են: Հաստատվել է նաև «Հայաստան-ՆԱՏՕ գործողությունների պլանի վերաբերյալ ազգային տեղեկատվական ռազմավարությունը», իսկ «Քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգի» նախագիծը ներկայացվել է կառավարության հաստատմանը:

2010 թվականին լուրջ աշխատանք է տարվել տարբեր երկրների անվտանգության խորհուրդների կամ համանման կառույցների հետ գործնական հարաբերություններ հաստատելու, ձևավորված համագործակցությունը խորացնելու եւ Հայաստանի ազգային անվտանգության շահերին ծառայեցնելու ուղղությամբ: Սերտ գործակցությունը Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի անվտանգության խորհուրդների հետ տվել է գործնական արդյունքներ: Մասնավորապես`ակտիվ զարգանում է համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ ռազմաարդյունաբերության ոլորտում, լեհական կողմի հետ Արթուր Բաղդասարյանի պայմանավորվածությունների արդյունքում լուծման փուլում են Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծման, կենսաչափական անձնագրերի ներդրման, ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության խնդիրները: