14 հունվարի 2011 - 14:44 AMT
ՀՀ նախագահը կհանդիպի Կիպրոսի և Հունաստանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին պետական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն: Հունվարի 18-ին կմեկնարկի նախագահ Սարգսյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն:

Կիպրոսի Հանրապետություն այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի, Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ:

Հանրապետության ղեկավարը նաև կմասնակցի հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը:

Կիպրոսում Սերժ Սարգսյանը կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի վերջին օրը` հունվարի 18-ին, նախագահը Լառնակա քաղաքում ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և կմեկնի Հունաստանի Հանրապետություն:

Հունաստանում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նախագահ Կառլոս Պապուլիասի, Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի, Խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի, Վարչապետ Յորղոս Ա. Պապանդրեուի հետ:

Աթենքում Հանրապետության ղեկավարը կհանդիպի նաև Սփյուռքում գործող ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: