14 հունվարի 2011 - 16:29 AMT
Հրանտ Բագրատյան. Ձվի շուկայում ընթանում է մենաշնորհացման գործընթաց

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010-ին երկրում արտադրվել է 700 մլն ձու 2009-ի 500 մլն փոխարեն, ընդ որում նույն ծառայության տվյալների համաձայն երկրի բնակչությունը կրճատվել է 100 հազարով, հետևաբար, այդ մթերքի միջին գինը չի կարող տարեկան ավելանալ 40 տոկոսով: Այդ մասին լրագրողներին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքերով, վիճակագրական ծառայության տվյալները ձվերի արտադրության մասին չեն համապատասխանում իրականությանը, իսկ ձվի գների նախաամանորյա աճը պայմանավորված է նրանով, որ տեղի է ունենում շուկայի մենաշնորհացում, ինչի մասին վկայում է ներկրվող կերի գների աճը, ինչը ձեռնտու չէ տնային տնտեսություններում հավ պահելու համար: Նախկին վարչապետը նաև ենթադրել է, որ շուկայի մենաշնորհատեր կարող է դառնալ Ջրառատի թռչնաֆաբրիկան:

Միաժամանակ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ ձվի շուկայի մանրամասն դիտարկում սկսվել է հետամանորյա շրջանում: ՏՄՊՊՀ մամլո քարտուղարի խոսքերով, անհրաժեշտ տեղեկատվության մասին հարցում է կատարվել տնտեսվարող սուբյեկտներից, և այն ստացվելու է հաջորդ շաբաթ: «Դիտարկումն անցկացվում է ոչ միայն տնտեսվարող սուբյեկտների շարքում, այլ նաև առևտրի խոշոր կետերում` պարզելու համար, թե որ օղակում են հնարավոր խախտումներ»,- հավելել է նա: Միաժամանակ, ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում դժվարացել են պատասխանել, թե անցկացվելու է արդյոք վերլուծություն և ներկայացվելու են արդյոք դրա արդյունքները: