15 հունվարի 2011 - 13:07 AMT
Երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագրով 2010թ. սուբսիդավորումը կազմել է 34.8 մլն դրամ

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրով 2010թ. ընթացքում սուբսիդավորվել է թվով 223 վարկառու` ընդամենը 34.8 մլն դրամ գումարով: Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվության մեջ, որը զետեղված է նախարարության պաշտոնական կայքում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկաների զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը, հատկացված վարկերի միջին չափը կազմում է 8,2 մլն դրամ, վարկի տրամադրման միջին ժամկետն է 12,4 տարի, իսկ միջին տոկոսադրույքը 10,3 տոկոս է:

2010թ. կառավարությունը վերանայեց վարկավորման պայմաններն այդ ծրագրով և առաջիկայում նոր փոփոխություններ չեն սպասվում: Մասնավորապես, եթե նախկինում պետության օժանդակությունը մարզերի բնակիչներին կազմում էր հատկացված վարկի 2 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 4 տոկոս: Բացի այդ, Հայաստանի մարզերում բնակարանի համար կանխավճարը կազմում է 10 տոկոս, նախկին 30 տոկոսի փոխարեն: «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրին մասնակցում են 13 բանկեր և 3 վարկային կազմակերպություն: