16 հունվարի 2011 - 16:13 AMT
Արմեն Մովսեսյանն ու Իրանի նավթարդյունաբերության փոխնախարարը քննարկեցին էներգետիկ համագործակցության հարցեր

Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ալիրեզա Զեյգամին եռօրյա այցով ժամանել է Հայաստան: Այցի շրջանակներում Զեյգամին հանդիպեց Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսեսյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի ու Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր: Մասնավորապես, քննարկվեցին գազի վերաբերյալ հայ-իրանական գործարքի մանրամասները, որը 25 տարվա հեռանկար ունի:

Կողմերն անդրադարձան նաև Թավրիզ-Երևան 365-կիլոմետրանոց նավթատարի շինարարության հարցերին, որը ծրագրվում է ավարտել 2014 թվականին: Քննարկվեցին նաև Իրանի ու Հայաստանի միջև նոր` երրորդ բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցերը, հաղորդում է Tehran Times-ը: