17 հունվարի 2011 - 12:10 AMT
Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:

Այսօր նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, օրվա երկրորդ կեսին նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատում ներկա կգտնվի երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար համաժողովի բացմանը:

Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: