Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը ստորագրել են համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին: Հռչակագրում մասնավորապես ասվում է.«Հայաստանի Հանրապետության նախագահը և Կիպրոսի Հանրապետության նախագահը, նախագահ Սերժ Սարգսյանի Կիպրոսի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում, հունվարի 17-ին Նիկոսիայում տեղի ունեցած բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում, գիտակցելով խորը արմատավորված և եղբայրական հարաբերությունները, հռչակում են, որ Հայաստանի Հանրապետությունը և Կիպրոսի Հանրապետությունը, որոնց կապում են երկար տարիների խորը և բարեկամական հարաբերությունները:
Այս առումով Հայաստանի Հանրապետությունը և Կիպրոսի Հանրապետությունը հայտարարում են իրենց պատրաստակամության մասին փոխադարձության հիմքով և դրականորեն դիտարկել միմյանց թեկնածությունները տարբեր միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող ընտրությունների ընթացքում,
Կողմերն ընդգծում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման հիման վրա հարևան պետությունների հետ առանց նախապայմանների, բնականոն հարաբերություններ հաստատելու և զարգացնելու անհրաժեշտությունը,
Հայաստանի Հանրապետությունը իր աջակցությունն է հայտնում Կիպրոսի հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերին` քաղաքական հավասարությամբ երկգոտի և երկհամայնքային դաշնության հիմքի վրա, ինչպես նկարագրված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում, Հայաստանի Հանրապետությունը ողջունում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջնորդությամբ ընթացող բանակցությունները
Հայաստանի Հանրապետությունը գնահատում է Կիպրոսի ստեղծագործական մոտեցումը և նախաձեռնություններն ուղղված Կիպրոսի հիմնախնդրի լուծմանը, և ափսոսանք է հայտնում, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ քայլերին Կիպրոսի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում և շեշտում է, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, առանց ուժի կիրառմանը դիմելու և բանակցությունների միջոցով` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա:
Կիպրոսի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության կառուցողական ջանքերին ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում ընթացող բանակցությունների միջոցով, որոնք հիմնված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած տարրերի վրա, որոնք, ի թիվս այլոց, ներառում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:
Կիպրոսի Հանրապետությունը կշարունակի նպաստել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև քաղաքական երկխոսության և համագործակցության հետագա ամրապնդմանը,Կիպրոսի Հանրապետությունը նաև ողջունում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ապագա Ասոցացման Համաձայնագրի մեկնարկը և առաջընթացը, և հույս հայտնում, որ դրանք կշարունակեն սահուն կերպով առաջադիմել.
Կիպրոսի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը` հատկապես Հայաստանի, սակայն ափսոսանք հայտնում, որ 2009թ. ստորագրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին երկու արձանագրությունների վավերացումը կանգ է առել թուրքական նախապայմանների պատճառով»:
Տնտեսական հարաբերությունների վերաբերյալ հռչակագրում ասվում է. «Հայաստանը և Կիպրոսը ընդգծում են իրենց տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը: Միաժամանակ կողմերը համաձայնեցին, որ հավելյալ պայմաններ կարող են ստեղծվել առևտրային և տնտեսական հարաբերությունների ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար:
Կողմերը հատուկ նշանակություն են տալիս տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության հարցերով հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, որի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանում 2011 թ. հունվարի 14-ին:
Կողմերը նշում են տարբեր բնագավառներում համատեղ ձեռնարկությունների և ընկերությունների ստեղծման աշխատանքներն ընդլայնելու անհրաժեշտությունը` նոր տնտեսական իրողությունների և փոխադարձ ներդրումների խրախուսման միջազգային չափանիշների համապատասխան»:
Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև Ռազմատեխնիկական համագործակցությանը՝ հռչակելով համագործակցությունը ամրապնդելու մտադրությունը: Կողմերը նաև կարևորում են երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև կանոնավոր շփումների պահպանումը:
Կողմերը հաստատում են, որ հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցության զարգացումը ամուր հիմք ունի` հաշվի առնելով երկու պետությունների ժողովուրդների պատմական, մշակութային և կրոնական մոտիկությունը,
Այս առնչությամբ Կողմերը գիտակցում են Կիպրոսում շատ հաջողակ և աշխույժ հայ համայնքի ներդրումը, որը որպես ակնառու կապող օղակ է ծառայում երկու երկրների և ժողովուրդների միջև,
Կողմերը շահագրգռվածություն են հայտնում ընդլայնել և բարելավել մշակութային և հումանիտար համագործակցության իրավական շրջանակը, փոխգործակցությունը գիտության և համատեղ հետազոտությունների, առողջապահության և այլ բնագավառներում,
«Կիպրոսի Հանրապետությունը կաջակցի ԵՄ հետ մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հնարավորինս սեղմ ժամկետներում կնքելու Հայաստանի ջանքերին: Այս նպատակով, Կողմերը մոտ ապագայում գործնական քայլեր կձեռնարկեն վերոնշյալ դրույթների արդյունավետ իրականացման համար»,-ասվում է հռչակագրում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: