17 հունվարի 2011 - 18:56 AMT
Բլոգերները պնդում են, որ «Սուխոյ Սուպերջեթ-100»-ը թերություններ ունի, «Արմավիան» դա կտրականապես հերքում է

«Սուխոյ Սուպերջեթ-100» առաջին ինքնաթիռը կհամալրի «Արմավիայի» շարժակազմը փետրվարի վերջում: Այդ մասին PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը: Ըստ նրա, այն կրում է Յուրի Գագարինի անունը: Երևանում ինքնաթիռի շնորհանդեսին ներկա կգտնվի նաև առաջին տիեզերագնացի դուստրը: Մինչդեռ, նախօրեին բլոգերում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ այդ մոդելի ինքնաթիռներն որոշակի թերություններ ունեն:

Այդպես բլոգերը, որը ներկա է եղել ինքնաթիռի շնորհանդեսին Ռուսաստանում, գրում է.«Սա արդեն յոթերորդ ինքնաթիռն է, իսկ թերությունները նույնն են: Բազմաթիվ ճաքեր կան, տպավորություն է ստեղծվում, որ աշխատել են երկրորդ պրակտիկան անցած ուսանողներ, ոչ թե վարպետներ»:

«Մեր տեխնիկները ներկա են գտնվել, ծանոթացել են ինքնաթիռի վիճակին՝ ոչ մի թերություն չկա»,-մեկնաբանել է տեղեկատվությունը «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում: Նա նշել է նաև, որ «Սուխոյ Սուպերջեթ-100»-ն անցնում է հավաստագրման վերջին աշխատանքները: