17 հունվարի 2011 - 19:46 AMT
2010թ. Հայաստանում բռնադատված կամ կամ նրա ժառանգ 35 քաղաքացիների տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր

Հայաստանում 2010 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 35 քաղաքացիների տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր 168,2 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով: Ինչպես հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով և տարեկան 1% դրույքաչափով, վարկը տրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո, իսկ տոկոսները` 2 տարի հետո մարելու պայմանով:

Բացի դրանից, 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ նշված վարկային ծրագրի շրջանակում 273 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր առմամբ 1,1 մլրդ դրամ գումարով վարկ: Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև վերանորոգելու նպատակով: