18 հունվարի 2011 - 17:04 AMT
Առաջիկայում Հայաստանում կհայտարարվի Ազգային հեռահաղորդակցային ցանցի շինարարության մրցույթ

Առաջիկայում Հայաստանի ինտերնետ-պրովայդերների միջև կհայտարարվի 100 Մբիտ/ վ թողունակությամբ Ազգային հեռահաղորդակցային ցանցի շինարարության մրցույթ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա, ներդրումներն այդ նախագծում կկազմեն 60-100 մլն դոլար: Մրցույթը շահող օպերատորը պետք է պարտավորվի ցանցը վարձակալության հանձնել այլ շահագրգիռ ընկերություններին, իսկ միայն մեկ ընկերության կողմից ցանցն օգտագործելու փորձերը կկասեցվեն: Ըստ Արմեն Գրիգորյանի, նախատեսվում է, որ ցանցի շինարարության աշխատանքները կմեկնարկեն արդեն 3 ամիս անց:

Մինչդեռ, ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ընկերությունը մտադիր է մասնակցել մրցույթին: «ԱրմենՏելն» արդեն ունի նման ցանց: Եթե կան լրացուցիչ օպտիկամալուխային մայրուղիներ կառուցելու պահանջներ , մենք պատրաստ ենք դա անել»,-ասել է Կլիմկոն: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ներդրումները գնահատվում են շուրջ 500 մլն դոլար:

Հայաստանում գերարագ լայնաշերտ ինտերնետի ցանցի կառուցումը ՀԲ հետ համատեղ իրականացվող տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման ծրագրի մաս է կազմում: Նոյեմբերին ՀԲ-ն հաստատեց 24 մլն դոլարի հատկացումն այդ ծրագրի համար: