19 հունվարի 2011 - 11:04 AMT
«Սամպո Ռոզենլյու» ֆինական ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման գործարան

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ֆիննական «Սամպո Ռոզենլյու» ընկերության պատվիրակությանը: Ընկերությունն ունի շուրջ 150 տարվա պատմություն, հիմնականում զբաղվում է գյուղտեխնիկայի արտադրությամբ:

Հյուրերը տեղեկացրին, որ հետաքրքրված են հայաստանյան շուկայով և մտադրություն ունեն Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման գործարան: Նմանատիպ նախագծեր ընկերությունը հաջողությամբ իրականացնում է տարբեր, այդ թվում` մի շարք ԱՊՀ երկրներում: Տեղական ներուժի ներգրավմամբ նման փոխշահավետ նախագծի իրագործումը, ըստ ընկերության ներկայացուցիչների, հնարավորություն կտա բավարարել թե երկրի ներքին պահանջարկը, թե արտահանել տեխնիկան: Ընկերությունը ծրագիրը նախատեսում է իրականացնել գործընկերային սկզբունքներով:

Փոխվարչապետը նախագիծը հետաքրքիր համարեց` միաժամանակ դրա հաջող իրականացման համար կարևորելով շուկայի և օրենսդրության համակողմանի ուսումասիրությունը: Նա հյուրերին առաջարկեց ծանոթանալ շուկայի պահանջարկին, գործարար հնարավորություններին, և այդ համատեքստում առաջարկեց հանդիպել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ: Ծրագրի իրագործման դեպքում փոխվարչապետը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: