19 հունվարի 2011 - 11:05 AMT
Նիժնի Նովգորոդում կքննարկեն հայոց պետականության զարգացման ուղիները

2011 թվականի ապրիլի 28-ին Նիժնի Նովգորոդում տեղի կունենա «Հայաստանը քաղաքակրթությունների երկխոսության մեջ» գիտաժողովը: Ինչպես հայտնում է «Նիժնի Նովգորոդի հայերը» պորտալը, գիտաժողովում առաջարկվում է քննարկել Անդրկովկասում և Միջին Արևելքում հայոց պետականության զարգացման ուղիները, հայկական սփյուռքի պատմական դինամիկան:

Գիտաժողովի թեմաների թվում կլինեն՝ ընդունուղ հանրությանը հայերի ադապտացիայի տեխնոլոգիաները, Արևելքի և Արևմուտքի երկրների համեմատական վերլուծությունը, ազգային ինքնության պահպանության խնդիրները, լեզվի պահպանումը, ընտանիքն ու կրթությունը, ՀԱԵ գործունեությունը, հայկական ԶԼՄ-ները, Ռուսաստան ու Հայաստանը քաղաքակրթությունների երկխոսության մեջ, հայկական աշխարհի ականավոր գործիչները, Հայաստանի քաղաքակրթող դերը գլոբալիզացիայի պայմաններում:

Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի գիտնականներ, փորձագետներ, հասարակական-կրոնական գործիչներ, լրագրողներ և արվեստագետներ:

Գիտաժողովի կազմկոմիտեն մտադիր է կազմակերխպել նաև միջազգային ուսանողական համաժողով օնլայն ռեժիմով: Համաժողովին կմասնակցեն Նիժնի Նովգորոդի և Երևանի բուհերի ուսանողները:

Գիտաժողովի արդյունքում նախատեսվում է հրատարակել հոդվածների ժողովածու: