19 հունվարի 2011 - 12:22 AMT
Ռուսաստանը ճանաչո՞ւմ է Պաղեստինի ինքնավարության անկախությունը

Դմիտրի Մեդվեդևը Պաղեստին իր այցի ընթացքում սատարել է անկախ Պաղեստինի պետության ստեղծմանը Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Նա նաև կոչ է արել իսրայելցիներին հրաժարվել Գազայի հատվածի և Արևմտյան ափի բնակեցումից:

«Պաղեստինի պետության առաջացման դեպքում կշահեն բոլորը՝ և պաղեստինցիները, և իսրայելցիները, Մերձավոր Արևելքի բոլոր ժողովրդները: Դա հենց այն նպատակն է, որին հարկավոր է ձգտել»,-հայտարարել է Մեդվեդևը Երիքոնում՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններից հետո:

Ըստ նրա, Ռուսաստանը սատարում է Պաղեստինի ժողովրդի իրավունքին՝ անկախ պետություն ստեղծել Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, որը խաղաղ կգոյակցի Իսրայելի հետ: Վերջինս, իր հերթին, պետք է դադարեցնի Պաղեստինի տարածքում բնակավայրերի ստեղծումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: