19 հունվարի 2011 - 17:37 AMT
Բոստոնի թանգարանում կներկայացվի հայկական «Գոհար» գորգը

Բոստոնի գեղեցիկ արվեստների թանգարանում (Boston Museum of Fine Arts) կներկայացվի հայկական «Գոհար» գորգը: «Գեղեցիկ արվեստների մագիստրոս» անվանումը կրող ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված են նաև 17-18 դարերի կովկասյան գորգերը, կտևի մինչև հունվարի ավարտը: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հայտնել Ամերիկայի հայկական գրադարանում:

Հռչակավոր «Գոհար» գորգը, որը թվագրվում է 1700 թվականով, ամենահինն է Ղարաբաղի պահպանված հայկական գորգերից: Գրառման մեջ գորգագործուհին նշում է իր անունը և աշխատանքն ավարտելու տարեթիվը: «Ես, Գոհարս, ոգով թույլ և մեղսավոր, սեփական ձեռքերով գործեցի այս գորգը: Ով կարդա այս գրառումը, թող աղոթի Աստծուն ինձ համար: 1149 (1700) թվական:

«Գոհար» գորգն առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, որտեղ էլ լուսանկարվել է: 1908թ. լուսանկարը հրապարակել է Ֆ.Ռ. Մարտինը: «Գոհար» գորգի վրա գործած արտահայտությունը թարգմանեց 1908թ. ականավոր լեզվաբան Նորայր դը Բիզանսը: 1977թ. «Գոհարը» վաճառվեց Լոնդոնի LeFevre and Partners աճուրդում : 2004 թ. գորգը կրկին վաճառվեց և գտնվում է մասնավոր հավաքածուի կազմում :

Ըստ Փիթեր Պապի, գորգը նախատեսված է եղել եկեղեցու համար, այն հավանաբար օգտագործվել է եկեղեցական արարողությունների ժամանակ, ինչով էլ բացատրվում է նրա բացառիկ լավ պահպանված վիճակը :