20 հունվարի 2011 - 14:53 AMT
Ադրբեջանական հաքերները գրոհել են «Ընդհատված երգը» ֆիլմի պաշտոնական կայքը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմի www.prervannaya-pesnya.ru կայք` գործարկվելու առաջին երկու օրերին այցելել է ավելի քան 25000 մարդ: Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը կայքը հարձակման է ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, ինչի արդյունքում բոլոր այցելուները մեխանիկորեն վերահասցեավորվել են ադրբեջանական հակահայկական բովանդակության կայքերի վրա: Կարճ ժամանակ անց կայքը սպասարկող կազմակերպության ջանքերով դրա բնականոն աշխատանքը վերականգնվել է:

Ֆիլմի ստեղծողները դիտարկում են ադրբեջանական հաքերների նման քայլը որպես հայերի ուժերով նկարահանվող ֆիլմի հանդեպ այնհանդուրժողականության ևս մեկ դրսևորում, հաղորդում է կայքի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմի նպատակն է անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությանը: