21 հունվարի 2011 - 14:18 AMT
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը կոչ է արել Կանադայի կառավարությանը վերանայել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը կոչ է արել Կանադայի կառավարությանը վերանայել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում և պահանջել Կանադայի խորհրդարանից ընթացիկ տարվա ապրիլին բանաձև չընդունել Հայոց ցեղասպանության մասին: «Մենք չենք ցանկանում նոր խնդիրներ ունենալ ապրիլին»,-ասել է Մեհմեդ Ալի Շահինը Կանադայի խոսնակի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ըստ թուրք խոսնակի, «1915թ. իրադարձությունները պետք է գնահատել գիտական տեսակետից» և Հայ-թուրքական արձանագրությունները հենց այդ նպատակն են հետապնդում: Շահինը հիշեցրել է Թուրքիայի առաջարկության մասին՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի Հայոց ցեղասպանության հարցը:

Միևնույն ժամանակ թուրք քաղաքական գործիչը հայտարարել է, որ Կանադայում շուրջ 50 հազար թուրք է բնակվում, որոնք իրենց ներդրումն ունեն այդ երկրի կայունության ու զարգացման մեջ: «Ցանկանում եմ հավատալ, որ Կանադայի կառավարությունը և քաղաքական գործիչները ձեռնպահ կմնան թուրք քաղաքացիներին վիրավորող քայլերից»,-ասել է Մեհմեդ Ալի Շահինը, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:

Կանադայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին: Երկրի կառավարությունը հաստատել է այդ որոշումը: