21 հունվարի 2011 - 19:17 AMT
Հայ ռեժիսորի «Սահման» ֆիլմը կցուցադրվի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով

Հայ ճանաչված ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմը կցուցադրվի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով: Այդ մասին հաղորդում է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը:

Հարություն Խաչատրյանի ֆիլմը կցուցադրվի «Կինոյի պաշտամունքը Կիրիլ Ռազլոգովի հետ» ծրագրի շրջանակներում:

Պատմությունը ծավալվում է սահմանամերձ ագարակում, իսկ գլխավոր «հերոսուհին» գոմշակովն է: 2009 թվականին այս կինոնկարը ԱՊՀ և Բալթյան երկրների կինոյի «Կինոշոկ» 18-րդ Բաց փառատոնում մրցանակ ստացավ լավագույն ռեժիսուրայի համար, իսկ անցյալ տարի Ֆրիբուրգի (Շվեյցարիա) Միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացավ FIPRESCI Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակին:

Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 23-ի երեկոյան: