22 հունվարի 2011 - 17:01 AMT
Ամերիկյան Here ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանում, ներկայացված է Sundance-2011 կինոփառատոնում

Ամերիկյան Here ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, մասնակցում է Sundance-2011 անկախ կինոյի ազգային ամերիկյան կինոփառատոնում ամերիկյան դրամաների մրցութային անվանակարգին, հաղորդում է Nypost.com-ը: Sundance-2011 27-րդ կինոփառատոնն անցկացվում է հունվարի 20-ից 30-ը ԱՄՆ-ում: Փառատոնի ժամանակ կկայանա ֆիլմի 7 ցուցադրություն:

Here այն խաղարկային ֆիլմերից մեկն է, որն ընտրվեց 1102 հավակնորդներից և 15 այլ ֆիլմերի հետ միասին մրցանակի է առաջադրված «Լավագույն խաղարկային ֆիլմ ԱՄՆ-ից» անվանակարգում: 2011 թվականի փառատոնում ընդհանուր առմամբ 115 լիամետրաժ ֆիլմ է ներկայացված աշխարհի 30 երկրներից:

Կինոնկարի սյուժեն պատմում է արբանյակային քարտեզագրության ամերիկացի ինժեների և կանադահայ լուսանկարիչ աղջկա ռոմանտիկ և միևնույն ժամանակ դրամատիկ հարաբերությունների մասին, որոնք որոշում են ճամփորդության մեկնել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

Sundance-ը խոշորագույն ամերիկյան անկախ կինոփառատոնն է, որն անցկացվում է սկսած 1978 թվականից Պարկ-Սիթիում, Սոլտ-Լեյք-Սիթիում և Օգդենում (Յուտա նահանգ): Փառատոնի ժամանակ ցուցադրվում են լիամետրաժ և կարճամետրաժ գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր: Ի տարբերություն այլ կինոփառատոնների, Sundance փառատոնում իրենց աշխատանքներն ազատ կարող են ներկայացնել նաև փորձարարական և ինտելեկտուալ ֆիլմեր նկարահանող ռեժիսորներ: