Գնաճի զսպման այն մոդելը, որն այժմ առկա է Հայաստանում, չի արդարացնում իրեն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, խնդիրները կապված են ոչ միայն ՀՀ տնտեսական կառուցվածքի և որակական զարգացման հետ, այլ նաև վարվող պետական քաղաքականության հետ: Նա նշել է, որ Կենտրոնական բանկը, որը պատասխանատվություն է վերցրել իր վրա, իր այսօրվա գործիքակազմով և ընդունած քաղաքականությամբ ի վիճակի չէ ամբողջ տնտեսության մեջ իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել գնաճի կարգավորմանը: Կան խնդիրներ, որոնք խանգարում են գնաճի զսպմանը, դրանց թվում` շուկայի արհեստական փակվածությունը, արտաքին զարգացումներին ոչ ադեկվատ արձագանքը Հայաստանում, ինչը գնաճի զսպման համակարգում հանգեցնում է ձախողման, որի արդյունքում պաշտոնապես հայտարարված գնաճից կրկնակին է արձանագրվում:
Նա հայտնել է, որ 2010-ի 11 ամսվա գնաճը 10 տոկոսից ավելի է եղել: Սա նշանակում է, որ ԿԲ-ն և կառավարությունը ոչ թե պետք է բացատրեն գնաճի պատճառները, այլ նաև կոնկրետ քայլեր ձեռնարկեն: Լուծման համար պետք է վերանայել մաքսային և հարկային համակարգերը: Մաքսային կանոնները թույլ չեն տալիս, որպեսզի գները արդարացի ձևավորվեն: Մինասյանի խոսքերով, գնագոյացումը պետք է տեղի ունենա բորսայի մեխանիզմների միջոցով` թե ներկրման, թե տեղի արտադրանքի պարագայում: