24 հունվարի 2011 - 16:20 AMT
ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ծրագրում է բարձրացնել երկրի մարզերի քաղաքացիների ֆինանսական իրազեկվածությունը

2011 թվականին ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ծրագրում է բարձրացնել երկրի մարզերի քաղաքացիների ֆինանսական տեղեկացվածությունը, գրասենյակի երկամյա աշխատանքի արդյունքների ամփոփման ժամանակ ասել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Ընդ որում` նա ընդգծել է, որ դեռևս 2010 թվականին Գրասենյակը սկսեց քաղաքացիների կրթվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներ վարել, սակայն երկրի մարզերի վրա շեշտը հիմնականում կդրվի 2011 թվականին: Ընթացիկ տարում ծրագրվում է նաև Երևանում անցկացնել ֆինանսական հաշտարարների հերթական միջազգային խորհրդաժողովը:

Բացի դրանից, 2010 թվականի արդյունքներով հինգ ընկերություններ դիպլոմ են ստացել Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության համար` «ՎՏԲ Բանկ Հայաստան», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Բիբլոս Բանկ Հայաստան», «ԻՆԳՈ Արմենիա» և «Ռոսգոսստրախ-Արմենիա»: