Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մոտ 20 մարդ է զոհվել, հունվարի 24-ին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով անհայտ աղբյուրին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին տասը զոհերի մասին: Առայժմ զոհվածների պաշտոնական թիվը չի հրապարակվել: Բլոգերում տեղեկատվություն է հայտնվել 70 զոհվածների մասին, սակայն այդ տեղեկատվությունն առայժմ չի հաստատվում:
Հաղորդվում է նաև առնվազն 20 վիրավորների մասին: Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը հայտարարել է, որ շտապ օգնության 20 մեքենա է ուղարկվել օդանավակայան:
Իրավապահ մարմիններից աղբյուրը «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել միջազգային թռիչքների սրահում: Նախնական տվյալներով, ռումբը 16:40-ին գործարկել է մահապարտ-ահաբեկիչը: Ներկա պահին ոստիկանությունը ստուգում է մետրոյի կայարաններն ու մարդկանց կուտակման այլ վայրերը, որպեսզի նոր պայթյուններ թույլ չտա: