25 հունվարի 2011 - 16:23 AMT
Գրիգորի Տրոֆիմչուկ. Ռուսաստանը պետք է ակտիվացնի իր գործունեությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում

Ռուսաստանը պետք է ակտիվացնի իր գործունեությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին «Ղարաբաղյան կարգավորում. եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը: Ըստ նրա, Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարևոր էր, սակայն 15 տարվա բանակցություններից հետո դժվար է հասկանալ՝ «այդ հանդիպումները գործի համար են թե հաշվետվության»: «Տարիներ շարունակ Իլհամ Ալիևը սպառնալիքներով է հանդես գալիս Հայաստանի հասցեին: Որոշակի պահի նրա այդ հայտարարությունները կարող են լուրջ ընդունվել, ինչն Ադրբեջանում իրավիճակի ապակայունացման առաջին սպառնալիքն է»,-ասել է ռուս փորձագետը: