27 հունվարի 2011 - 15:39 AMT
Հայաստանի մշակույթի նախարարության հիմնական խնդիրը 2011թ. լինելու է մշակութային ժառանգության պահպանումը

Հայաստանի մշակույթի նախարարության հիմնական խնդիրը 2011թ. լինելու է մշակութային ժառանգության պահպանումը, հայտնել է Հայաստանի մշակությի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ըստ նրա, հանրապետությունում կստեղծվի 4 ուսումնական կենտրոն, որոնք կպատրաստեն մշակութային արժեքների վերականգնման ու պահպանության ոլորտի մասնագետներ: «Դա շատ կարևոր խնդիր է, քանի որ Հայաստանում այս պահի դրությամբ բավականին սուր է կանգնած մշակութային հուշարձանների վերականգնումը: Այդ առնչությամբ մենք հաճախ ստիպված ենք լինում կամ այդ մշակութային արժեքները տեղափոխել արտերկիր վերականգնման համար կամ հրավիրել օտարերկրացի մասնագտեների, ինչպես դա եղավ Մինասի որմնանկարների դեպքում»,-ասել է Պողոսյանը:

Նա նշել է, որ ուսումնական կենտրոնների ստեղծումը կապահովի մշակութային արժեքների ու հուշարձանների որակյալ վերականգնում և պահպանում տեղական ներուժի օգնությամբ: «Մենք նախատեսում ենք լավ նյութատեխնիկական բազայով կենտրոններ ստեղծել, որտեղ կուսումնասիրվի միջազգային փորձը, ինչպես նաև դասախոսություններ ու սեմինարներ կանցկացվեն արտերկրի մասնագետների մասնակցությամբ»,-ասել է նախարարը: