27 հունվարի 2011 - 16:29 AMT
Facebook-ն ընդլայնում է HTTPS պաշտպանված արձանագրության օգտագործումը

Facebook-ը մի քանի համալիր համակարգեր է մշակել սոցիալական ցանցի պաշտպանության մակարդակի բարձրացման համար: Այդ տեղեկատվությունը պարունակվում է ընկերության պաշտոնական բլոգում: Կավելացվեն «մեկանգամյա գաղտնաբառի» գործառույթները, համակարգից դիստանցիոն ելքի հնարավորությունը: Ավելին, Facebook-ն ընդլայնում է HTTPS պաշտպանված արձանագրության օգտագործումը, որը նախկինում օգտագործվում էր միայն գաղտնաբառը ուղարկելիս: Բացի դրանից Facebook-ը ներդնում է սոցիալական աուտենտիֆիկացիայի համակարգը. ավանդական պաշտպանության` նշանների ճանաչման թեստի (CAPTCHA) փոխարեն Facebook-ից օգտվողներին կառաջարկվի «ճանաչել» ընկերների լուսանկարները:

Այդ միջոցները ձեռնարկվում են Facebook-ի էջերի հաճախակի դարձած գրոհների հետ կապված: Այդպես օրերս կոտրեցին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի էջերը: Դրա հետ մեկտեղ Facebook-ի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ անցումը HTTPS-ի կարող է անդրադառնալ կայքի բեռնման արագության վրա, ինչպես նաև խոտաններ առաջացնել որոշ կից ծրագրերի աշխատանքում: