27 հունվարի 2011 - 18:31 AMT
Արքեպիսկոպոս Աթեշյանը և ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչի պաշտոնակատարը քննարկել են թուրքահայերին հուզող հարցեր

Հունվարի 27-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) ՀՀ Մշտական ներկայացուցչություն այցելեց Թուրքիայի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը:

Արամ արքեպ. Աթեշյանը հանգամանալից զրույց ունեցավ ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միքայել Վարդանյանի հետ: Քննարկվեցին Թուրքիայի հայկական համայնքին հուզող խնդիրներ, ընդգծվեց Հայաստանի մշտական ներկայացուցչության համայնքային կառույցների հետ կապի անհրաժեշտությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Միքայել Վարդանյանը ներկայացրեց ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչության գործունեության հիմնական ուղղությունները եւ ձեռքբերումները:

Արամ Արքեպ. Աթեշյանն ու Միքայել Վարդանյանը պայմանավորվեցին առաջիկայում եւս շարունակել հանդիպումները եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: