27 հունվարի 2011 - 18:35 AMT
Հայաստանի նախագահը զրուցել է բանակում զոհված զինվորների ծնողների հետ

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրի մոտ հանդիպել է ՀՀ ԶՈւ շարքերում զինվորական ծառայության ժամանակ զոհված զինծառայողների ծնողների հետ: Կարճատև զրույցի ժամանակ զոհվածների հարազատներն իրենց դժգոհությունը հայտնեցին հետաքննության ընթացքի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը հայտնել է նրանց, որ արդեն հանդիպել է Հայաստանի նորանշանակ ռազմական դատախազ Գևորգ Կոստանյանի հետ՝ հավելելով, որ վերջինս նույնպես կհանդիպի զոհված զինվորների հարազատներին, կլսի նրանց բողոքները: «Ես ինքս շահագրգռված եմ, որ բացահայտվեն զինծառայողների մահվան բոլոր հանգամանքները: Յուրաքանչյուր նման դեպք մեծ կորուստ է մեզ համար»,-ասել է Հայաստանի նախագահը:

Իր հերթին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է նախագահին, որ քրեական գործերի հետաքննությունը գտնվում է իր անձնական հսկողության տակ: