29 հունվարի 2011 - 13:03 AMT
ՀՀ ԱԳՆ. Ղարաբաղի ժողովուրդը, ոչ պակաս քան մյուսները, իրավունք ունի տնօրինելու սեփական ճակատագիրը

«Ես չեմ կարծում, թե Իսրայելն անտեսում է պատմական փաստերը, կամ դա անում է մյուս կողմը: Առավել ևս, Հայաստանը երբեք չի անտեսել և չի անտեսում պատմական փաստերը: Աչք փակելով կամ անտեսելով անցյալը՝ չեմ կարծում, թե կարելի է նպաստել լուծման որոնումներին»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ համեմատելով ղարաբաղյան հակամարտությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ:

Ըստ նրա, հարկավոր է նայել դեպի ապագան, որոնել կարգավորման ուղիները, ոչ թե ասել, թե նպատակն է զրոյական խնդիրներ ունենալ, նոր խնդիրներ ստեղծելով: «Յուրաքանչյուր հակամարտություն իր յուրահատկությունն ունի, իր արմատները, իր զարգացումը: Ուստի, համեմատությունները միշտ չէ, որ արդարացված են»,-ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ հակամարտությունների միջև կարող են նմանություններ լինել: Սակայն, ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ուղղակի համեմատություններ անելը ճիշտ չի համարում: «Վերջերս ինձ հարցրեցին. Սուդանում հանրաքվե անցավ և նոր պետություն է ստեղծվում, կարող է դա նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի համար: Անշուշտ, կարող է, սակայն, նման նախադեպերը շատ են, սա ուղղակի վերջին օրինակն է: ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծ մասը կարող է օրինակ ծառայել, քանի որ նրանք բոլորը անկախացել են իրացնելով իենց ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղը, ոչ պակադ քան մյուս պետությունները, իրավունք ունի տնօրինելու սեփական ճակատագիրը»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է Russia Today-ը: