31 հունվարի 2011 - 12:54 AMT
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն

Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն: Հանրաքվեի հրապարակված նախնական արդյունքները, որոնք վստահաբար էապես չեն տարբերվելու վերջնականից, ևս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Հարավային Սուդանի բնակչության այս ընտրությունն արդեն շուրջ 60 տարի՝ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր, տեղի ունեցող ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ամենաթարմ օրինակն է և առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ, որը միանշանակ ողջունվում է միջազգային հանրության կողմից:

Հուսով ենք, որ իր կամարտահայտությամբ ընտրելով սեփական ճակատագիրը տնօրինելու ուղին` Հարավային Սուդանը հաջողության կհասնի անկախ պետականության հաստատման և կայացման գործում: