31 հունվարի 2011 - 14:23 AMT
Դեղորայքի հայկական շուկան ապամենաշնորհացման կարիք ունի

«Գնեք հայրենականը»՝ 2010թ. նման կարգախոսով ակտիվորեն սկսեց հանդես գալ Հայաստանի դեղ արտադրողների ու ներմուծողների (ԴԱՆ) միությունը: Սակայն, արժե՞ արդյոք ստիպել բնակչությանը գնել տեղական արտադրանքը թե ավելի լավ կլինի առողջ մրցակցություն ստեղծել շուկայում և բարենպաստ օրենսդրական դաշտ: Հայաստանում արտադրված դեղորայքը, հիմնականում, չի զիջում արտերկրի արտադրանքին, սակայն այդ արտադրանքի գինն էլ, որքան էլ դա տարօրինակ է, ետ չի մնում է ԱՊՀ երկրների գներից: Բանը նրանում է, որ դեղորայքի արտադրության համար հայ դեղ արտադրողները ներկրում են անհրաժեշտ հումքը, որի պատճառով էլ գինը բարձր է լինում:

Այնուամենայնիվ, հարկավոր է ապամենաշնորհացնել շուկան, քանի որ այն աստիճանաբար հայտնվել է առանձին տնտեսվարող սուբյեկտների ձեռքում, որոնք շահույթի ետևից ընկնելով սկսել են զբաղվել ներկրմամբ՝ դուրս մղելով շատ կարևոր մի օղակ՝ փոքր ու միջին բիզնեսը:

Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեեստրի, 2010թ. մայիսի 19-ի դրությամբ «Շնչուղիների վրա ազդող դեղորայքի» շուկայում «Ֆարմատեկ» ԲԲԸ-ն զբաղեցնում է 36,7 տոկոսը, իսկ «Ալերգիայի, «Անաֆիլակսիայի դեպքում կիրառվող դեղորայքի» շուկայում՝ 39,2 տոկոսը, ընդ որում այդ նույն ընկերությունը զբաղեցնում է «Աղաջրային և թթվահիմնային հավասարակշռության պահպանմանը նպաստող լուծույթների» շուկայի իրացման ծավալների 54 տոկոսը, իսկ «Լիկվոր» ՓԲԸ-ն՝ 33,6 տոկոսը: «Միգրենի դեմ նախատեսված դեղորայքի» շուկայում իշխող դիրքեր է զբաղեցնում «Ալֆաֆարմ» ՓԲԸ-ն՝ 80,22 տոկոսը: Այդպիսով, հայկական շուկայում ակնհայտ է մենաշնորհացումը, առավել ևս, որ 2009թ. դեկտեմբերին «Նատալի ֆարմ», «Էսկուլապ», «Ալֆա ֆարմ», «Վագա ֆարմ», «Արգո ֆարմ», «Ամիկուս» և «Արֆարմացիա» ընկերությունները հակամրցակցային համաձայնության և գների չհիմնավորված բարձրացման համար ՏՄՊՊՀ որոշմամբ տուգանվեցին նախորդ տարվա եկամտի 2 տոկոսի չափով:

2009 թվականին Հայաստանի դեղագործական արդյունաբերության մեջ արձանագրվել է 8 տոկոս աճ, իսկ 2010թ. 11 ամիսներին աճը կազմել է 18,7 տոկոս: Դեղորայքի շուկան զարգացնելու նպատակով, բազում երկրների կառավարություններ վերանայում են հարկային դրույթները: Եվ, չնայած նրան, որ այդ հարցը չկա օրակարգում, այնուամենայնիվ, Հայաստանը փորձում է ազատ տնտեսական գոտիներ ստեղծել, որտեղ դեղագործական ընկերությունները կարող են աշխատել՝ չվճարելով ԱԱՀ: