31 հունվարի 2011 - 17:37 AMT
Ռուբեն Զարգարյան. Սուդանն Ադրբեջանից ավելի պատասխանատու գտնվեց

«Իրավիճակն Ադրբեջանում տարբերվում էր Սուդանի իրավիճակից նրանով, որ Սուդանի կառավարությունն, ի տարբերություն Բաքվի վարչակազմի, գիտակցեց իր ագրեսիվ քաղաքականության հետևանքները և չխոչընդոտեց Հարավային Սուդանի անկախացմանը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: Նա հիշեցրել է, որ Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը 1998թ. հայտարարեց, որ «հարավի ճակատագիրը կլուծվի հանրաքվեում»՝ ընդգծելով, որ «կառավարությունը կենթարկվի հանրաքվեի արդյունքներին, նույնիսկ եթե արդյունքում հարավն անջատվի հյուսիսից»: 2005թ. հունվարի 9-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Սուդանն ու Հարավային Սուդանը համաձայնագիր ստորագրեցին, որով նախատեսվում էր անկախության հանրաքվե անցկացնել Հարավային Սուդանում 2011թ.:

«Ի տարբերություն Սուդանի, այժմ Ադրբեջանի կառավարության համար ամենակարևորն է թաքցնել ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ գործած ցեղասպանության մասին ու կեղծել պատմությունը: Սակայն ցեղասպանության փաստերն այնքան ակնհայտ են ու աղաղակող, որ նույնիսկ, եթե չլինեին ԼՂՀ անկախության հռչակման այլ իրավական փաստեր, դա արդեն բավական կլիներ: Ադրբեջանցի քարոզիչներն ասում են, թե Հարավային Սուդանը չի կարող նախադեպ հանդիսանալ ԼՂՀ-ի համար, քանի որ ի տարբերություն Սուդանի, Բաքուն համաձայնություն չի տվել ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու համար: Նրանք ձևացնում են, որ ծանոթ չեն միջազգային իրավունքի նորմերին, որոնք չեն պահանջում նման թույլտվության առկայություն, այլ հակառակը, պահանջում են ճանաչել ինքնորոշված պետության՝ ԼՂՀ-ի անկախությունը»,-ասել է Զարգարյանը: