31 հունվարի 2011 - 18:56 AMT
Հայաստանում ամենից շատ ինքնասպանություն են գործում գործազուրկներն ու թոշակառուները

Հայաստանում ամենից շատ ինքնասպանություն են գործում կամ փորձում են կատարել գործազուրկներն ու սոցիալական ապահովմամբ ապրող մարդիկ, Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «2010 թվականին գրանցված ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի 57,3% բաժին են ընկել գործազուրկներին, իսկ 17,7%-ը` թոշակառուներին»,- նշեց նա:

Կույումջյանի խոսքով` ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը հիմնականում գրանցվել են 30-ից 65 տարեկան և 65-ից բարձր տարիքային խմբում, ինչպես նաև 18-ից 29 տարեկան տարիքային խմբում: Ընդհանուր առմամբ 2010 թվականին 592 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է գրանցվել, ինչը 18,9%-ով բարձր է 2009թ. ցուցանիշից (498):

«2010 թվականի ընթացքում 225 ինքնասպանություն և 367 ինքնասպանության փորձ է գրանցվել»,- ընդգծեց Կույումջյանը:

Նա ավելացրեց նաև, որ 2010 թվականին ավելի քան 28 հազ. մահ է գրանցվել, ինչը 1,6%-ով ավելի է, քան 2009 թվականին: «Մահվան հիմնական պատճառներն են արյան շրջանառության հետ կապված (սիրտ-անոթային) հիվանդությունները, նորագոյացությունները, վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև դժբախտ պատահարները: Ցածր է շնչուղիների հետ կապված հիվանդությունների տոկոսը: Մահերի մեծ տոկոս բաժին է ընկնում Լոռու մարզին»,- նշեց Կույումջյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ անցյալ տարի, ինչպես և 2009 թվականին, ծնելիությունը 1.6 անգամ գերազանցել է մահացությունը: