1 փետրվարի 2011 - 18:00 AMT
ՀԱԿ. Հայաստանի առաջին նախագահի մասին WikiLeaks-ի հրապարակումն ահեթեթություն է

WikiLeaks-ի հրապարակած տեղեկություններն այն մասին, թե Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը շահույթ է ստացել Իրանից թմրանյութերի տարանցումից, անհեթեթություն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Ես ծանոթ չեմ նման տեղեկատվությանը և առաջին անգամ եմ լսում դրա մասին: Սակայն, ակնհայտ է, որ դա անհեթեթություն է»,-ասել է Զուրաբյանը:

Նորվեգական Aftenposten թերթում հրապարակվել են WikiLeaks-ի հերթական գաղտանզերծված փաստաթղթերը: Այս անգամ փաստաթղթերը վերաբերում են թմրանյութերի տարանցմանը Իրանից դեպի Ռուսաստան և Եվրոպա՝ Հարավային Կովկասի երկրների տարածքով: Ըստ հրապարակված նյութերի, Բաքվում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը նամակագրության մեջ գրում է, թե «Բաքվում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, ինչպես նաև ադրբեջանական ղեկավարության ներկայացուցիչները գտնում են, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շահույթ է ստացել Իրանից թմրանյութերի ապօրինի տարանցումից: