
WikiLeaks ինտերնետ-կայքը, որը հայտնի դարձավ գաղտնի փաստաթղթերի հրապարակման շնորհիվ, Խաղաղության նոբելյան մրցանակի է առաջադրվել: Այս անսպասելի թեկնածուին առաջադրած Նորվեգիայի խորհրդարանի անդամ Սնորրե Վալենն ընդգծել է այդ նախագծի արժանիքները խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության համար պայքարում:
Սովորաբար Խաղաղության նոբելյան մրցանակի անվանակարգերը գաղտնի են պահվում, սակայն այդ հաշվով կոնկրետ կանոններ գոյություն չունեն: Ամենապրեստիժ մրցանակին արժանանալու թեկնածուների առաջադրումը կավարտվի փետրվարի 3-ին: 2011 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունն ըստ ավանդույթի կհայտարարվի հոկտեմբերի սկզբին, հաղորդում է RBC.ru-ն:
2006 թվականից WikiLeaks կայքում գաղտնի տեղեկատվություն է տեղակայվել Իրաքում և Աֆղանստանում պատերազմների մասին, որին հաջորդեց ԱՄՆ Պետքարտուղարության և ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակագրության հրապարակումը: Վաշինգտոնն անուղղակիորեն ճանաչեց հրապարակված նյութերի իսկությունը` ներողություն հայցելով արտահոսքի համար: