Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 3-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն` իշխանության օրենսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են պաշտպանության բանակի հետ համագործակցության հարցեր:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության բանակն է, որի մարտունակության բարձր մակարդակը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման և հարևան պետությանը ապակառուցողական քայլերից զերծ պահելու կարևորագույն գործոններից մեկը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել բանակ-հասարակություն հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն ուղղված խնդիրներն ու միջոցառումները: Այս համատեքստում Նախագահը կարևորել է պաշտոնյաների և հասարակական հատվածի ներկայացուցիչների ավելի հաճախակի այցելությունները զորամասեր, տեղում հանդիպումները անձնակազմի հետ և անհրաժեշտ օգնության ցուցաբերումը՝ բանակի առջև ծառացած խնդիրների լուծման գործին նպաստելու համար:
Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքացիական պաշտպանության հիմնախնդիրներին:
Ելույթներով հանդես են եկել նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ շտաբի պետ Լևոն Մնացականյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: