4 փետրվարի 2011 - 16:51 AMT
«Jacobs & Associates». Պետկարգավորման բարեփոխումներով Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրք ունի

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 3-ին կառավարությունում ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենակի կողմից հրավիրված կարգավորիչ բարեփոխումների ոլորտի առաջատար փորձագետ Սքոթ Յակոբսին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Սքոթ Յակոբսը կառավարության ղեկավարին է ներկայացրել կարգավորիչ բարեփոխումների վերաբերյալ համաշխարհային փորձը, անդրադարձել այդ ոլորտում աշխարհի տարբեր պետությունների լավագույն փորձառությանն ու Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակ բարեփոխումների անցկացման հնարավորություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում պետական կարգավորման արդյունավետ համակարգի կատարելագործման կարևորությանն ու կարգավորիչ դաշտի ազդեցության գնահատման խնդիրներին: Սքոթ Յակոբսը կարևորել է այն հանգամանքը, որ տարածաշրջանի պետությունների մեջ Հայաստանն այս հարցում առաջատար դիրք ունի: Նշվել է, որ կարգավորիչ ոլորտի բարեփոխումները հանգեցնում են տնտեսական աճի, վարչարարության բարելավմանն ու բարերար ազդեցություն են ունենում թե´ ներդրումային, թե´ գործարար միջավայրի վրա:

Սքոթ Յակոբսը զբաղեցնում է կարգավորիչ բարեփոխումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկի` «Jacobs & Associates»-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Ընկերությունը կարգավորիչ բարեփոխումների ոլորտի ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 80 երկրներում: