2010 թվականին Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը 2009-ի համեմատ աճել է 7,9%-ով (15 477 հանցագործություն 2010-ին` 14 339-ի դիմաց 2009-ին), հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը: Ինչպես ասվում է ՀՀ Ոստիկանության կոլեգիայում Ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանի` 2010 թվականին օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետվության մեջ, հանցագործությունների թվի աճը հիմնականում բացատրվում է նրանով, որ 2010 թվականին գրանցվել է նախորդ տարիներին իրագործված 3933 հանցագործություն:
Նա ավելացրել է նաև, որ շարունակվում է ակտիվ պայքարը լատենտային հանցագործությունների և կատարված հանցագործությունների գրանցումը կոծկելու արատավոր պրակտիկայի դեմ:
Ընդ որում` կոլեգիայում նշվել է, որ 2010 թվականին գրանցվել է ծանր և առանձնակի ծանր հանցագործությունների թվի նվազում 2,1%-ով (2009-ին` 5417, 2010-ին` 5304):
Կոլեգիայի նիստին ներկա էր նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: