5 փետրվարի 2011 - 16:18 AMT
2010թ. վերջին 10 տարում առաջին անգամ Հայաստանում ավելացվել է պետական դոտացիայի ընդհանուր գումարը

Ֆինանսական համահարթեցման դոտացիաների քաղաքականության իրականացման շրջանակներում ՀՀ կառավարությունն առաջին անգամ որոշել է ավելացնել բյուջեի եկամտային մասի 4 տոկոսը կազմող դոտացիաների չափը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Ըստ նրա 2010թ. դոտացիայի ընդհանուր գումարը կազմել է 32 մլրդ դրամ, նախկին 28 մլրդ դրամի փոխարեն, ինչը կազմում է նախորդ տարվա համախմբված բյուջեի փաստացի եկամուտների մոտ 4,6 տոկոսը: «Այսինքն, 4 տոկոս կազմող դոտացիայի նվազագույն չափը գերազանցվել է վերջին 10 տարում առաջին անգամ»,-ասել է նա: Ընդ որում Վաչե Տերտերյանը հավելել է, որ դոտացիայի այդ մակարդակը կպահպանվի նաև 2011 թվականին: