7 փետրվարի 2011 - 13:50 AMT
ՀՀ ԱՆ. Հայաստանում գրիպի հետ կապված իրավիճակը կայուն է

Հայաստանում գրիպի հետ կապված իրավիճակը կարելի է բավական կայուն համարել, Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազ Վանյանը: «Ընդհանուր առմամբ աշխարհում գրիպով վարակվածների թիվը համարվում է միջին լարվածության: Բարձր ցուցանիշներ են գրանցվել ԱՄՆ-ում, որտեղ տարածված են A և B տեսակները, Կանադայում, Սկանդինավյան երկրներում:Ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վրաստանում, Նորվեգիայում, Չեխիայում, Ռուսաստանի որոշ քաղաքներում: Հայաստանում իրավիճակը բավական կայուն է»,- ասել է նա:

Վանյանի խոսքերով, նախարարությունը մշտական դիտարկումներ է անցկացնում դպրոցներում և մանկապարտեզներում: «Այս տարի մենք արձանագրել ենք շտապ օգնության 10-20 անգամ պակաս կանչ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ, հոսպիտալացված մարդկանց թիվը 100-ով նվազել է: Հայաստանում հիմնականում տարածված է գրիպի B տեսակը»,- ասել է Վանյանը:

«Տվյալ պահին Հայաստանում կա 180 հոսպիտալացված հիվանդ սուր վիրուսային վարակների ախտանիշով»,- ասել է Արտավազդ Վանյանը և հավելել, որ նրանց շարքում շատ են թոքաբորբի դեպքերը, սակայն մահվան դեպքեր չեն գրանցվել:

Մասնագետը խորհուրդ է տալիս օդափոխել սենյակները, խուսափել հիվանդների հետ շփումից, շատ հեղուկ օգտագործել և պահպանել ընդունված վարվելակերպը հազի դեպքում: Իսկ հիվանդները չպետք է զբաղվեն ինքնաբուժմամբ ու դիմեն բժշկի: