8 փետրվարի 2011 - 13:26 AMT
Ձյան առատ տեղումների հետևանքով Հայաստանի մի շարք գյուղեր հոսանքազրկվել են

2011 թ. փետրվարի 6-ին ձյան առատ տեղումներից ու փոթորիկից առաջացած վթարի հետևանքով Մերձավանի («Դեբեդ» մասնաճյուղ) և Գորիսի («Տաթև» մասնաճյուղ) մի շարք գյուղեր հոսանքազրկվել են: Վթարների վերացման համար ներգրավվել են «Հայաստանի էլցանցեր ՓԲԸ բոլոր օպերատիվ և վերանորոգող խմբերը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Սակայն անբարենպաստ եղանակային պայմանների և ճանապարհների անանցանելիության պատճառով 2011 թ. փետրվարի 7-ի ժամը 15:00 դրությամբ դեռևս հոսանքազրկված են մնում` «Տաթև» մասնաճյուղում 4 գյուղ, «Դեբեդ» մասնաճյուղում 5 գյուղ:

Իրավիճակը գտնվում է «ՀԷՑ»-ի վերահսկողության տակ, մասնաճյուղերի ղեկավարությունը անձամբ մասնակցում է վթարի վերացմանն ուղղված աշխատանքներին, սակայն մինչ այժմ ճանապարհները թույլ չեն տալիս հասնել վթարի վայր: Ընկերության կողմից արվում է հնարավորը վերոնշյալ գյուղերի էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: