8 փետրվարի 2011 - 14:37 AMT
ԵԱՀԿ դիտարկման ընթացքում Ադրբեջանը հերթական անգամ դուրս չի բերել իր առաքելությունը նախապես համաձայնեցված կետ

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի/ԳՆԱՆ/ դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/:

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:

Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: