8 փետրվարի 2011 - 15:15 AMT
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նախազգուշացնում է իր քաղաքացիներին, որ Ադրբեջանում ահաբեկչության վտանգ կա

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն մշտապես հիշեցնում է իր քաղաքացիներին աշխարհի այս կամ այն տարածաշրջաններ այցելելու անցանկալիության մասին, սակայն խորհրդատվական բնույթի այդ հայտարարությունները բավական դանդաղ են նորացվում, վերջին նորացումը եղել է մի քանի տարի առաջ:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Երևանում Մեծ Բրիտանիայի մամլո ծառայությունը, նոր հաղորդագրության մեջ, որը տեղակայվել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կայքում, նշվում է, որ Ադրբեջանում առկա է ահաբեկչության վտանգը: «Կարող են հարձակումներ կատարվել քաղաքացիական անձանց և այն վայրերի վրա, ուր այցելում են արտասահմանցիները»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին չմեկնել ԼՂ և Ադրբեջանին հարակից Հայաստանի Տավուշի և Գեղարքունիքի մարզեր: Նշվում է, որ այդ տարածքները վտանգավոր են ականների պատճառով: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նշում է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության առարկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն 1994-ին ստորագրվել է հրադադարի մասին համաձայնագիր: Նախարարությունն ընդգծում է, որ Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիները, որոնք չեն հետևի երաշխավորագրերին, կզրկվեն Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հյուպատոսական աջակցությունից: