8 փետրվարի 2011 - 16:12 AMT
Արմեն Ռուստամյան. ՀՅ Դաշնակցությունը բանակցություններ չի վարում Հայաստանի երկրորդ նախագահի հետ

ՀՅ Դաշնակցությունը գալիք ընտրություններում քոչարյանամետ բլոկ ստեղծելու շուրջ որևէ բանակցություն չի վարում: «Դաշնակցությունը չի հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա ապրում է իր կյանքով, մենք` մեր»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նա ավելացրել է, որ երբ ՀՅԴ-ն երկու անգամ սատարեց Քոչարյանին նախագահական ընտրություններում, ապա սատարեց միայն որոշակի հարցեր բարձրացնելուց և պրակտիկայում կոալիցիոն հուշագրերի ներմուծումից հետո: «Եվ շատ հաճախ մենք, մատնանշելով այդ հուշագրերի կետերը, ասել ենք, որ դրանց չկատարվելու դեպքում դուրս կգանք կոալիցիայից»,- նկատել է նա:

Ռուստամյանը մեկնաբանել է նաև Հայաստանում ժամանակակից քաղաքական համակարգը` նշելով, որ այժմ իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) իր ողջ գործունեությամբ հանգեցրել է այն բանին, որ կուսակցություն-պետություն-իշխանությունը սերտ միահյուսվել են, և որ ներկայիս կուսակցությունների գոյությունը չպետք է կախված լինի կառավարությունում կամ իշխանությունում դրանց ներկայությունից:

Նա ընդգծել է, որ նախագահը պետք է կուսակցական հարաբերություններից վեր լինի, պետության ղեկավար լինի, որպեսզի կարողանա ապահովել և երաշխավորել իշխանության գործադիր, օրենսդիր և դատական մարմինների գործունեությունը: ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կուսակցության անդամ չի եղել, և դա նրան իսկապես հնարավորություն էր տալիս մրցավարի դերում լինել: