9 փետրվարի 2011 - 13:54 AMT
ԻԻՀ դեսպանը բավարարված է Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության մակարդակով

Հայաստանը և Իրանը շարունակում են արդյունավետ համագործակցել էներգետիկ ոլորտում: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, մի շարք էներգետիկ նախագծեր արդեն իրականացվել են, մնացածները գտնվում են իրագործման փուլում:

«Անցյալ շաբաթ Թեհրանում է գտնվել Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այցի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Իրան-Հայաստան նավթատարի նախագծի իրագործման հետ: Հուսով եմ, որ արդեն առաջիկայում սկսվելու են խողովակաշարի շինարարական աշխատանքները»,- ասել է դեսպանը:

Ինչպես հաղորդել է դեսպանը, Թավրիզ-Երևան նավթատարի իրանական հատվածի շինարարությամբ զբաղվելու է իրանական կողմը, իսկ սահմանից Երևան հատվածի շինարարությամբ` մասնավոր ընկերությունները: