Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմեդ Աբուլ-Գեյթը մեղադրել է ԱՄՆ-ին Կահիրեին «իր կամքը պարտադրելու» մեջ, հայտնում է ամերիկյան PBS հեռուստաալիքը:
Նախարարը նշել է, որ հաճախ «զայրույթ և ցասում է ապրել» Կահիրեում ցույցերի առաջին օրերին իրադարձություններին ԱՄՆ արձագանքի պատճառով: Ըստ նրա, Արտակարգ իրավիճակը չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի պահանջն անիրականանալի է, քանի որ անկարգությունների ժամանակ բանտերից 17 հազար կալանավոր է փախել:
Հունվարի 25-ին Եգիպտոսում տեղի ունեցան բողոքի ցույցեր, որոնք վերաճեցին անկարգությունների: Զոհվեց շուրջ 300 մարդ: Ընդդիմադիրները պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ: Իր հերթին նախագահ Մուբարաքը հայտարարեց, որ սեպտեմբերին այլևս չի առաջադրի իր թեկնածությունը ընտրություններում: Այժմ փոխնախագահ Օմար Սուլեյմանը երկխոսություն է վարում ընդդիմադիր քաղաքական շարժումների հետ՝ ելք որոնելով ստեղծված իրավիճակից: