11 փետրվարի 2011 - 11:55 AMT
Տվյալ պահին «Գազպրոմում» որոշվում է Հայաստանի համար գազի գնի ճակատագիրը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը մեկնել է Մոսկվա`«Գազպրոմի» ղեկավարության հետ գազի սակագների հնարավոր փոփոխությունները քննարկելու համար:

Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը:

Պետք է նշել է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) դեռ չի ներկայացրել ինչ-որ հայտ գազի սակագների բարձրացման վերաբերյալ, որի հետ կապված, 2011-ի ապրիլի 1-ից փոփոխություններ դեռ չեն լինելու: Այդ մասին փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ-ում հաղորդել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այդ փաստը հանձնաժողովը հիմնավորել է նրանով, որ ՀԾԿՀ կանոնակարգի և ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն նոր սակագները կարող են փոխվել միայն հանձնաժողովի հաստատումից մեկ ամիս անց: Այսպիսով, նրա խոսքերով, 2011-ի ապրիլի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմելու է հազար խմ-ի համար 180 դոլար:

Հարցականի տակ է դրվում «Գազպրոմի» հայտարարությունը 2010-ի սեպտեմբերի սկզբին Բելառուսի, Մոլդովայի և Հայաստանի հետ շուկայական գնագոյացմանն անցում կատարելու և 2011-ին այդ տարածաշրջանում գազի գնի ակնկալվող աճի մասին: ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցել ռուսական կողմի հետ հանրապետության համար գազի սակագները որոշելու համար: Նախօրեին կառավարական ժամի ընթացքում Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքի մասին հայտարարվելու է փետրվարի վերջին: «ՀՀ նախագահը հանձնարարություն է տվել բոլոր միջոցները ձեռնարկել երկրում էներգակիրների գնի բարձրացում թույլ չտալու համար»,- ասել է Մովսիսյանը: